Սիրիայում հակամարտության կողմերի արձագանքը իրենց երկիր դիտորդների խումբ ուղարկելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը` վկայում է փոխզիջման նրանց պատրաստակամության մասին: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի սեւծովյան –կասպյան կենտրոնի ղեկավար Էդուարդ Պոպովը: Նրա խոսքով` ցանկացած դեպքում իրադարձությունների նման զարգացումն էապես տարբերվում է առավել մռայլ կանխատեսումներից:
«Սա այն իրավիճակն է, երբ փոխզիջումը ձեռնտու է բոլորին` թե Սիրիայի իշխանություններին, թե ընդդիմությանը, թե միջազգային հանրությանը: Ռուսական կողմի դիրքորոշումը միշտ էլ հստակ է եղել` առաջինը, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Մյուսը` որ ճգնաժամը կարգավորվի բացառապես Սիրայի ժողովրդի կողմից: Իրադարձությունների այսպիսի զարգացումը մոտեցնում է իրավիճակի դրական հանգուցալուծումը»,-նշեց Պոպովը:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանության էր արժանացրել Սիրիա դիտորդների խումբ ուղարկելու մասին բանաձեւը: Ապրիլի 15-ի երեկոյան ՄԱԿ-ի դիտորդների առաջին` վեցհոգանոց խումբը ժամանել է Դամասկոս:




























