Երեկ` ապրիլի 15-ին կալանավորվել է Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի վիրաբույժ-կոնսուլտանտ Հրանտ Ներսիսյանը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Մասնավորապես նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Հ. Ներսիսյանն անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել հիվանդ Հմայակ Մկրտչյանի նկատմամբ, որի պատճառով վերջինս մահացել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վիրաբույժ Հրանտ Հենրիկի Ներսիսյանի դեմ Շիրակի մարզի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով ( բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է  բուժվող հիվանդի մահ):

2011 թվականի հոկտեմբերի 16-ին խոշոր ավտովթար էր  տեղի ունեցել Գյումրի-Ջրառատ ավտոճանապարհին, որի արդյունքում Հմայակ Մկրտչյանին տեղափոխել էին Գյումրիի «Ճերմակ հիվանդանոց»: Վիրաբույժ Հրանտ Ներսիսյանը տուժողի ստոծանին վիրահատելու ժամանակ ծակել է նրա սիրտը, ինչի արդյունքում հիվանդն արնահոսել ու անմիջապես մահացել է: Նշանակված դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է  բժշկի մեղավորությունը: Այն նախատեսում է 2-6 տարի ազատազրկում: