Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Կառուցել առանց քանդելու» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որն անցկացվում է ՀՀ կառավարության հովանու ներքո:

Վարչապետը ՀՀ մշակույթի նախարարի եւ Երեւանի քաղաքապետի ուղեկցությամբ շրջել է սրահներով, ծանոթացել ցուցահանդեսի շրջանակում ներկայացված Երեւանի մի շարք հուշարձան-շենքերի լուսանկարային  պատմություններին, որոնց հեղինակը ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանն է:

Ցուցահանդսում ներկայացված է նաեւ Ճարտարապետ Գարեգին Եղոյանի նախագծի հատակագիծը՝ Պուշկին-Աբովյան-Սախարովի հրապարակ տարածքի նոր ներդրումային ծրագրի վերաբերյալ, որով նախատեսվում է պատմական շենքերի պահպանմամբ իրականացնել ճարտարապետական նոր նախագծեր:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2012 թ. ապրիլի 10-ին Էրեբունի վարչական շրջանի բնակչության հետ հանդիման ժամանակ անդրադարձել էր  բնապահպանական ու քաղաքաշինական խնդիրներին եւ նշել. «Մենք հպարտանում ենք այն ամենով, ինչը ձեւավորում է մեր պատկերացրած Երեւանի կերպարը: Ավաղ, վերջին տասնամյակների ընթացքում մենք շատ բան ենք աղավաղել Երեւանում, տնտեսական խնդիրների համատեքստում շատ հաճախ մոռացության են տրվել բնապահպանական եւ Երեւանի նկարագիրը պահելու առաջնահերթությունները: Սա տխուր իրողություն է: Այսօր մենք փոխում ենք սլաքները եւ ասում` տնտեսական առաջնահերթություններն առաջնային չեն Երեւանի նկարագիրը պահելու խնդրի հանդեպ: Ու այստեղ ես ձեզ խոստանում եմ՝ այսուհետեւ այդպես չի լինելու: Ավելին` մենք օրենքով բացառելու ենք Երեւանի կենտրոնի որեւէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը: Այսօր ակնհայտ է, որ կա հասարակական լուրջ պահանջարկ եւ նույնիսկ պայքար այս հարցում: Այստեղ մենք դաշնակիցներ ենք: Մի քանի տարի, եւ Երեւանում վերջնականապես կհաղթանակի քաղաքի դիմագիծը պահելու առաջնահերթությունը»: