Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությանը: «Ձեր այցը Հայաստան կարելի է դիտարկել որպես նոր քայլ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ճանապարհին: Մենք շահագրգռված ենք դրանում եւ պատրաստ ենք անցնել այդ ճանապարհը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ առկա է երկկողմ համագործակցության մեծ դաշտ, հատկապես, տնտեսական ոլորտում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ մեր երկրի համար օգտակար եւ կիրառելի են գյուղատնտեսության բնագավառում Իսրայելի կողմից ներդրվող նորագույն տեխնոլոգիաները: Այդ առումով, վարչապետը կարեւորել է փորձի փոխանակումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Օրիթ Նոկեդին տեղեկացրել է, որ գյուղատնտեսության բնագավառում նախատեսվում է ստորագրել երկկողմ համագործակցության համաձայնագիր: «Պատրաստ ենք կիսվել մեր կուտակած փորձով: Վստահ եմ, որ կարող ենք միասին աշխատել հաջողությամբ եւ իրականացնել գործնական տարբեր ծրագրեր: Համոզված եմ, որ կարող ենք Հայաստանի հետ համագործակցել նաեւ այլ ոլորտներում»,- ասել է Իսրայելի գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման նախարարը:

 Այդ առումով, Օրիթ Նոկեդին նշել է, որ ստեղծվելու է հայ-իսրայելական աշխատանքային խումբը, որը կմշակի համատեղ ծրագրեր, կիրականացնի փորձի փոխանակում եւ այլն: 

Զրուցակիցները քննարկել են նաեւ զբոսաշրջության, դեղագործության, ճարտարագիտության եւ այլ բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: