Քոֆի Անանի` որպես Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ բանագնաց նշանակվելուց հետո, միջազգային հանրության դիրքերն այդ համատեքստում մոտեցել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով` այսօրվա դրությամբ անգամ ամբողջությամբ հակադիր տեսակետների մերձեցում է նկատվում:

«Մենք հիշում ենք, թե ինչպես դեռ  Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց Սիրիային խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու վերջին հնարավորությունը տալու մասին: Դրական միտումն ավելի ուժեղ ի հայտ եկավ, երբ սիրիական հարցն սկսեց քննարկվել մի շարք կարեւոր հանդիպումներում,  այդ թվում` Սեուլում միջազգային անվտանգության համաժողովում, ԱՊԼ հանդիպումներում, Ստամբուլում կայացած «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը եւ այլն: Մենք տեսնում ենք, որ նախկինում Ասադի հրաժարականի մասին ուղիղ կոչերը դադարել են, հիմնական թեման դարձել է Անանի ծրագիրը եւ դրա կյանքի կոչումը: Սա հուսադրող է»,-նկատեց զրուցակիցը` ընդգծելով, որ եթե տվյալ իրավիճակում միջազգային հանրությունը ցուցաբերի հետեւողական եւ արդարացի մոտեցում, ապա ի հայտ կգա սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորություն:

Արաբագետի խոսքով` վերոնշյալը չի վերաբերում երեք պետության` Թուրքիային, Սաուդյան Արաբիային եւ Կատարին: «Թուրքիան եւ Պարսից ծոցի արաբական միապետություններն արմատական տեսակետ ունեն, ըստ որի անհրաժեշտ է ռազմական ներխուժում Սիրիա: Այդ դիրքորոշումը չի փոխվի, եթե անգամ Քոֆի Անանի պլանը հաջողությամբ պսակվի:  Այստեղ պետք է հիշատակել թուրքական ղեկավարության կողմից ՆԱՏՕ-ին ուղղված վերջին դիմումը` սիրիական իրավիճակին միջամտելու պահանջով: Հարցի խաղաղ լուծումը նրանց  ձեռնտու չէ, ահա եւ վերջ»,- նշեց փորձագետը` Սիրիա ռազմական միջամտությունը համարելով «պահուստային տարբերակ» տարածաշրջանային հակաասադական ուժերի համար:

Ամփոփելով` Արմեն Պետրոսյանը նկատեց, որ Թուրքիայի եւ Պարսից ծոցի արաբական միապետությունների նման արմատական վերջնագրային հռետորաբանությունը ցանկացած դեպքում իր բացասական հետքը կթողնի սիրիական կարգավորման գործընթացի վրա:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանության էր արժանացրել Սիրիա դիտորդների խումբ ուղարկելու մասին բանաձեւը: Ապրիլի 15-ի երեկոյան ՄԱԿ-ի դիտորդների առաջին` վեցհոգանոց խումբը ժամանել է Դամասկոս:

Խմբի նպատակը երկրում ներկայիս իրավիճակի գնահատումն է` անվտանգության տեսանկյունից եւ սիրիական իշխանությունների հետ աշխատանքների կարգավորումը: