Համաշխարհային բանկի նոր նախագահ է ընտրվել ԱՄՆ թեկնածու, 52-ամյա բժիշկ եւ Դարտմուդի քոլեջի ռեկտոր Ջիմ Են Կիմը:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով իրազեկ աղբյուրները, Դիմ Են Կիմն ընտրվել է ՀԲ-ի տնօրենների խորհրդի կողմից եւ կազմակերպությունը գլխավորելու է մինչեւ 2017 թվականը:

Կիմը կդառնա նաեւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ղեկավարը:

ՀԲ գործող նախագահ Ռոբերտ Զելիքի լիազորությունների ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին:

Ջիմ Են Կիմը, ով հիմա 52 տարեկան է, ծնվել է Սեուլում եւ ԱՄՆ է տեղափոխվել 5 տարեկան հասակում: Կրթությամբ բժիշկ, պրոֆեսոր Կիմը երկար ժամանակ Հարվարդում գլխավորել է միջազգային առողջապահության եւ սոցիալական բժշկության ամբիոնը:

2009-ի հուլիսից նա ԱՄՆ հնագույն համալսարաններից մեկի` Դարտմուդի քոլեջի ռեկտորն է:

Նշենք, որ Համաշխարհային բանկի ստեղծման օրվանից (1944թ) այն միշտ գլխավորել են ԱՄՆ քաղաքացիները, այն դեպքում, երբ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարներն ընտրվել են Եվրոպայի ներկայացուցիչները: