Ռուսաստանի տնտեսության եկամուտները առավելապես ձեւավորում են նավթային գները: Նավթն ու նավթամթերքը 2011 թվականին կազմել են ռուսական արտահանման 51 տոկոսը: Urals նավթի գների կանխատեսմամբ հաշվարկվում է ՌԴ բյուջեի դեֆիցիտը, իսկ վարկանիշային գործակալությունները, նախքան արդյունաբերության եւ առեւտրի ոլորտներում խորանալը, առաջին հերթին ստուգում են Urals-ի գնանշումները:
Ապրիլի սկզբի վերջին կանխատեսման ժամանակ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան Urals նավթի գնի կանխատեսումը 100 դոլարից բարձրացրել է 115 դոլարի մեկ բարելի դիմաց: Պատճառը նավթի պահանջարկի աճն է, Իրանից նավթի արտահանման կրճատման ֆոնին:
BP Russia վերլուծաբան Լեւ Ֆրենկմանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կանխատեսումն ամբողջությամբ իրատեսական է: «Այդուհանդերձ պետք է նշել, որ ներկայումս այդ միջին գնից շեղումների ռիսկը բավական մեծ է, քան սովորաբար:
Այլ խոսքով, անորոշությունը նավթային շուկայում այսօր բավական բարձր է:
Մի կողմից, Իրանի հետ հակամարտության դեպքում շատերը կարծում են, որ գները կարող են զգալիորեն բարձր լինել 115 դոլարից մեկ բարելի համար, մյուս կողմից, եթե քաղաքական լարվածությունն սկսի աստիճանաբար մարել, ապա Չինաստանում տնտեսական աճի դանդաղեցման, Եվրոպայում ռեցեսիայի եւ Լիբիայում նավթի արդյունահանման նորմալ մակարդակի դեպքում, շուկայում կարող է նավթի առաջարկի ավելցուկ առաջանալ: Դա իր հերթին կարող է հանգեցնել նավթի գների նվազման»,-ասաց վերլուծաբանը:




























