Թերթը գրում է, որ կիրակի օրը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սկսվել է լրագրողների աշխատանքի խոչընդոտմամբ:

«Մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկը` Գրիգոր Նազարյանը, որը նաեւ երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսերն է, քաշքշել ու հարվածել է «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանին` հայհոյանքների տարափով: Լրագրողներն ականատես են եղել տեսարանին ու արձանագրել, որ ոստիկանները մի կողմ են հրում ոչ թե Գրիգորին, այլ ֆոտոլրագրողներին:

Այդ տհաճ միջադեպից հետո Մելիք Բաղդասարյանը թերթին պատմել է. «Մենք, ինչպես կարգն է, հավատարմագրվել էինք` նկարահանում կատարելու համար, քանի որ համարյա բոլոր թերթերն ու սայթերը մեզնից նկարներ են սպասում: Բայց եկանք ու փաստի առաջ կանգնեցինք: Պարզվեց`չեն թողնում ներսում նկարել... Փորձեցինք բացատրել, նույնիսկ վիճաբանեցինք մենեջերի` Գրիգորի հետ: Մրցանակաբաշխությունն արդեն սկսվել է, բայց մեզ մինչեւ հիմա չեն թողել ներս մտնել: Իրենց մենաշնորհն է այստեղ»,- գրում է թերթը: