Նյու Յորքում հայտարարել են 2012 թվականի Պուլիտցերովյան մրցանակակիրներին:
«Հասարակությանը ծառայելու համար» անվանակարգում հաղթող է դարձել The Philadelphia Inquirer-ը: Հրատարակչությունը մրցանակ է ստացել ֆիլադելֆյան դպրոցներում բռնության աճող մակարդակի վերաբերյալ մի շարք նյութերի համար: Ինչպես նշվում է, հրապարակումները հանգեցրել են դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների անվտանգությանն ուղղված բարեփոխումների:
Լավագույն լրագրողական հետաքննության համար մրցանակ են ստացել Accociated Press-ի եւ Seattle Times-ի թղթակիցները: AP-ի աշխատակիցները մրցանակի են արժանացել նյույորքյան ոստիկանության մասին թողարկումների համար, որոնց աշխատակիցներն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում գաղտնի հետեւել են քաղաքի մահմեդական համայնքին: Սիեթլի թերթի լրագրողները նշվել էին Վաշինգթոն նահանգում ծանր հիվանդների բուժման մեթոդների մասին հոդվածների շարքի համար:
«Օպերատիվ թողարկում» անվանակարգում հաղթել է The Tuscaloosa News հրատարակությունն Ալաբամա նահանգից` ավերիչ տորնադոյի հետեւանքները լուսաբանելու համար:
Լավագույն թողարկային լուսանկարի համար մրցանակ է ստացել Agence France-Presse-ի լուսանկարիչ-լրագրող Մասուդ Հոսայնին, որն արել էր մի աղջնակի լուսանկար, որը ողջ էր մնացել Քաբուլի ահաբեկչությունից հետո: Գործակալության համար այս մրցանակն առաջինն էր Պուլիտցերովյան մրցանակի հանձնման պատմության մեջ, հայտնում է Lenta.ru-ն:
«Լավագույն դրամատիկական ստեղծագործություն» անվանակարգում մրցանակ է ստացել Քվիարա Հյուդսը, իսկ պոեզիայի ոլորտում մրցանակակիր է դարձել Թրեյսի Սմիթը: Երաժշտական անվանակարգում մրցանակ է ստացել Քեւին Փաթսը:
Պուլիտցերովյան մրցանակը հիմնադրվել է 1917 թվականին, այն ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մրցանակն է լրագրողության բնագավառում: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Նյու Յորքում` մայիսի 7-ին:




























