ԱՄՆ-ը նոր միջոցների փաթեթ է պատրաստում Դամասկոսի դեմ` ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի տապալման դեպքում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ում պատրաստվում են լավագույն ելքի, դրական արդյունքների, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվում են նաեւ հետագա քայլերը, եթե հաջողության չհասնեն: Քլինթոնն ընդունել է, որ «Սիրիայում իրավիճակը բավականին հանգիստ է»: «Տվյալ շաբաթը կդառնա որոշիչ այն բանի համար, որպեսզի գնահատվի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի կատարումը», - նշել է նա, հայտնում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարությունում հայտարարել էին, որ Սիրիայի կառավարությունը չի կատարում Անանի նախագծով իր պարտավորությունները: Արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել էր, որ նկատվել են եզակի կրակոցներ Սիրիայի տարբեր շրջաններում, եւ կրակի դադարեցման մասին նուրբ պայմանավորվածությունն արդեն քայքայման է ենթարկվում: Նա Ասադին մեղադրել էր հատուկ բանագնացի նախագծի 6 կետերի խախտման մեջ:
ՄԱԿ-ի դիտորդների առաջին խումբը, որը կոչված է հետեւել Սիրիայում ճգնաժամի կարգավորման Քոֆի Անանի ծրագրի իրագործմանը, ապրիլի 16-ին ձեռնամուխ է եղել առաքելության կատարմանը: ՄԱԿ-ի պետքարտուղար Բան Կի-Մունը հույս է հայտնել, որ դիտորդական առաքելության իրագործումը թույլ կտա ապահովել բռնության դադարեցումը եւ հակամարտող կողմերին կներգրավի երկխոսության մեջ: Սիրիայի իշխանություններին Բան Կի-Մունը կոչ է արել առավելագույն զսպվածություն դրսեւորել:




























