Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, ապրիլի 16-ի կեսգիշերին սպանություն է տեղի ունեցել:: Ինչպես NEWS.am-ի թղթակցին պատմել են Գավառի մեր աղբյուրները, երկու երիտասարդ` 28-ամյա Վիգեն Սահակյանը եւ 26-ամյա Շահեն Չանդոյանը երեկոյան Գավառի Գրիգոր Նարեկացիի փողոցում գտնվող խանութի վաճառող Արման Հովսեփանից փորձել են պարտքով ապրանք վերցնել: Հովսեփյանը հրաժարվել է այն տրամադրել, քանի որ տղաները չեն ներկայացել: Այս մոտեցումը հաղթանդամ երիտասարդները չեն հանդուրժել եւ չներկայանալով շարունակել են պնդել իրենց պահանջն ու վիճաբանության մեջ մտել վաճառողի հետ: Վիճաբանությանը հետեւել է ծեծը, երիտասարդները դաժան ծեծի են ենթարկել Հովսեփյանին` անգամ անտեսելով նրա մոր ներկայությունը: Հովսեփյանն էլ ճողոպրելով հաճախորդների ձեռքից` մտել է խանութ եւ երշիկ կտրող դանակը բերել ու հարվածներ է հասցրել տղաներին: Շահեն Չանդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Վիգեն Սահակյանի կյանքը չի հաջողվել փրկել:
Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am–ի թղթակցին հայտնել են, որ փաստի առթիվ քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 108 հոդվածի հատկանիշներով (Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն):
29-ամյա Արման Հովսեփյանը բերման է ենթարկվել, կատարվում է նախաքննություն:


























