Հայաստանի իշխանությունները շարունակում են բարեփոխումները հանրապետության Զինված ուժերում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով` բարեփոխումների առաջին մասը կապված է կառուցվածքային փոփոխությունների, կազմակերպչական հարցերի հետ. այն մեծ միջոցներ չի պահանջում: «Երկրորդ մասը շատ ավելի ծախսատար է. մենք կտրուկ ավելացնում ենք բանակի մասնագիտական մասը, այն ձեւավորում ենք նոր պայմանագրային հիմքով: Դա ենթադրում է զինծառայողների աշխատավարձերի ավելացում, նրանց համար սոցիալական ծրագրերի իրագործում:
Զինծառայողները կպարտավորվեն մասնակցել նաեւ կենսաթոշակային բարեփոխումներին, մենք ցանկանում ենք բաշխման համակարգից անցում կատարել կուտակայինի», - նշել է վարչապետը: Նրա խոսքով`զինծառայողների սոցիալական նախագծերի հիմնական բաղադրիչը նրանց համար բնակարանների կառուցումն է. «2012թ. ընթացքում մենք սոցիալական նոր համակարգ պետք է մշակենք, որով նախատեսվում է մի քանի անգամ ավելացնել զինվորականների համար տներ կառուցելու ծախսերը»:
Բարեփոխումների երրորդ մասը կապված է սպառազինության հետ: «Այն ներառում է երկու ուղղություն. առաջին` ռազմատեխնիկական սարքավորումների սեփական արտադրություն, երկրորդը` արդիական սպառազինությունների գնում արտերկրից: Հայաստանիի բյուջեի 14%-ը կբաշխվի այդ բոլոր ծրագրերի իրագործման համար», -նշել է վարչապետը:
Համաձայն Տիգրան Սարգսյանի` բարեփոխումների արդյունքում զինծառայողները երկրի միջին աշխատավարձից բարձր կստանան:
Այժմ Հայաստանում միջին աշխատավարձը 110 հազար դրամ է (մոտ 400 դոլար), եւ զինծառայողներինը դրանից ոչ մի կերպ չի կարող ցածր լինել: Զինծառայողի նպաստը չպետք է երկրում նրա թոշակի անցնելու պահին եղած միջին աշխատավարձի 40%-ից ցածր լինի: Ինչ վերաբերում է ռազմական ներկայիս բյուջեին, Տիգրան Սարգսյանը նշել է. «Հայաստանի բյուջեն 1 տրիլիոն դրամ է, այդ գումարի 14%-ը կազմում է հանրապետության ռազմական բյուջեն, այսինքն` մոտ 140 միլիարդ դրամ»:




























