Հայաստանն արժանացել է Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակին: Երեւում է, ադրբեջանական իշխանություններն անում են ամեն ինչ տարածաշրջանում Իսրայելի ֆորպոստը դառնալու համար: Այդ մասին  «Ազատություն»  ռադիոկայանի հետ հարցազրույցում նշել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

Նրա խոսքով` չի բացառվում, որ պաշտոնական Բաքուն միաժամանակ ձգտում է երկիրը վերածել Միացյալ նահանգների ֆորպոստի, սակայն ԱՄՆ-ին դա բնավ հարկավոր չէ:

«Ամեն դեպքում, բոլորից առաջ ընկնել եւ վատացնել Իրանի հետ հարաբերությունները, այն էլ այն դեպքում, երբ մեր խնդիրները մեզ լիովին բավարար են, կարծում եմ, իմաստուն քաղաքականություն չէ: Իրանի հետ հարաբերությունների վատացման նախաձեռնությունը Ադրբեջանինն էր: Ադրբեջանական ծագմամբ իրանցի ծառայողների ձերբակալությունը, Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով իսլամիստների ձերբակալությունը, եւ այս վերջին դեպքը, երբ ձերբալավեցին մաքսանենգներ ճանաչված մի խումբ անձինք, ովքեր իբրեւ թե զենք էն  տեղափոխում, ահաբեկչություններ կազմակերպում», - ասել է փորձագետը:

Նա ընդգծել է, որ խոշոր հաշվով Ադրբեջանում քչերն են հավատում պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին: Եւ ո’չ ազգային անվտանգության նախարարությունը, ո’չ ներքին գործերի նախարարությունը, ո’չ նախագահական աշխատակազմը տեղեկատվության հավաստի աղբյուր չեն, իսկ ժողովուրդը թերահավատորեն է վերաբերվում այդ հայտարարություններին:

«Այնպես, ինչպես Ռուսաստանում չեչեն գրոհային ձերբակալելիս մոտն անպայման թմրանյութեր են հայտնաբերում, մեզ մոտ էլ Իրանի հետ կապված մարդկանց ձերբալկալելիս մոտներն անպայման զենք եւ թմրանյութեր են հայտնաբերում», - ամփոփել է Ալիզադեն: