Լոռիի մարզի Թեղուտ գյուղում ապրիլի 16-ին միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում 3 տղաներ են տուժել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը: Երեկոյան ժամը 21-ի սահմաններում «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության աշխատակիցները գյուղի տարածքում ծեծի են ենթարկել 3 մարդու, որոնցից 24-ամյա Հրաչիկ Ղարխմազյանին կոտրվածքներով տեղափոխել են Երեւան: Մյուս երկու տուժղողները տնային պայմաններում են ապաքինվում:
Գյուղապետին ուղղված մեր այն հարցին, թե ո՞րն է եղել միջադեպի պատճառը նա պատասխանեց, որ ներկա պահին այդ հարցի քննարկմանն է մասնակցում եւ իրենք եւս փորձում են հասկանալ, թե որն է պատճառը: Նա ընդգծեց, որ միջադեպը գործարանի հետ կապ չի ունեցել, այլ անձնական խնդիրների շուրջ է վիճաբանություն ծագել:
«Ես այս պահին կոնկրետ ինֆորմացված չեմ, բայց ասում են մեքենայի հետ կապված պատմություն է: Փոշի-մոշի, ջուր են շփել մեքենայի վրա, ինչի արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել»,-ասաց նա:




























