Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին վրաերթի ենթարկելու եւ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2012 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանն իր վարած «ՎԱԶ 21013» մակնիշի, 45 UՕ 132 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցով երթեւեկելու ժամանակ թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում. Ոստիկանության Գյումրիի բաժնի դիմաց վրաերթի է ենթարկել Վ. Բեյբությանին եւ վթարի վայրից դիմել փախուստի:

Վրաերթի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից Վ. Բեյբությանը մահացել է:

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ռ. Մուրադյանին ապրիլի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով, որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանավորում:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Վ. Բեյբությանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով:Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ:

Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը: