Հայաստանի ոստիկանությունը չի հերքում, որ վերջին ժամանակներս հանրապետությունում նոր անձնագրերի դեֆիցիտ կա: Այսօր` ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսում Ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչության պետ Հովհաննես Քոչարյանն ի պատասխան հարցի, թե ինչու են անձնագրային բաժիններում քաղաքացիներին մերժում անձնագրերի տրամադրումը, ասաց, որ դա այնքան էլ այդպես չէ:
«Մենք իսկապես ժամանակավորապես դադարեցրել ենք վճարովի հիմունքներով անձնագրերի տրամադրման ժամկետների կրճատումը»,-ասաց նա: Նրա խոսքով, նախորդ եւ այս տարի անձնագրային բումի պատճառն այն է, որ նախ բազմաթիվ քաղաքացիների մոտ ավարտվում են գործող անձնագրերի գործողության ժամկետները, երկրորդը Շենգենյան գոտու երկրների կողմից ներդրված սահմանափակումներն են:
Հայաստանի ոստիկանությանը նոր անձնագրերը տրամադրում է ֆրանսիական ընկերությունը եւ նրա հետ պայմանավորվածություն կա լրացուցիչ հատկացումների վերաբերյալ: «Նոր խմբաքանակը կստացվի այսօր երեկոյան, այնպես որ անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիրներ չի լինի»,- վստահեցրեց Քոչարյանը:


























