Գործարար Սամվել Ալեքսանյանը պետք է տարեկան ոչ թե 10-15 մլրդ, այլ 120-150 մլրդ դրամ հարկեր վճարեր պետական բյուջե: Այդ մասին այսօր` ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` նշելով, որ «այդ մարդը գողանում է մարդկանց կենսաթոշակները», քանի որ նրա հարկերի շնորհիվ կենսաթոշակները կավելանային:

Բագրատյանն անդրադարձել է նախօրեին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին, երբ նրա կողմնակիցները հարձակվել էին ընդդիմության ակտիվիստների վրա, խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը: Ըստ Բագրատյանի, Սամվել Ալեքսանյանը վախից է նման քայլեր անում: «Նրա անվան հետ կանացի ներքնազգեստի տարրերից մեկն են կապում, էս մարդն էլ կազմակերպել էր էդ կանանց հավաքը: Կանայք նրանից կախված են ինչ-որ ձեւով: Վախենում է, որովհետեւ ասելիք չունի»,- նշել է Բագրատյանը:

Նախկին վարչապետի կարծիքով, վախենում է նաեւ Ալեքսանյանի հարազատ կուսակցությունը: Մասնավորապես ՀՀԿ-ն վախենում է տնտեսական հարցերով հեռուստաբանավեճ կազմակերպելուց:

ՀԱԿ ներկայացուցիչը պատրաստ է ցանկացած բանավեճի, անգամ եթե ՀՀԿ-ն դրան ուղարկի Ռուբեն Հայրապետյանին: «Չնայած, նա տնտեսությունից բան չի հասկանում: Սկզբում ասել էր` 10-ից մեկը, հետո խոսքը փոխեց, թե առաջին 10-ը նկատի ունեմ: Դա արդեն լկտիություն է: Նրան անմիջապես նախագահը պիտի զանգեր, ականջները քաշեր: Նա մի հինգ անգամ հայտարարեց, որ չի դնում թեկնածությունը, մի 15 անգամ էլ հայտարարեց, որ դնում է: Եւ այդ մարդը ֆուտբոլ է ղեկավարում»,- նշել է Բագրատյանը: