«Ժառանգություն» կուսակցությունն ընտրությունների արդյունքում   համամասնական ընտրակարգով  առաջինը կլինի: Այդ մասին ապրիլի 17-ի մամլո ասուլիսում նշել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով` տարբեր մարզերում ընտրողների հետ հանդիպումները բավական ակտիվ են անցնում, բնակչությունը բավական ջերմ եւ շատ լավ է վերաբերվում կուսակցությանը:

 «Դրանից ելնելով` մեր սպասելիքներն այս փուլում գերազանցում են քարոզարշավի սկզբում ունեցածը: Նախընտրական մրցավազքը վատ չի ընթանում, թեեւ դա հարաբերական է, քանի որ տեղ են գտնում վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը եւ ընտրակաշառքները», - նշել է Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ ներկայիս խորհրդարանական ընտրությունները ամեն դեպքում նախորդներից կտարբերվեն նրանով, որ ընտրությունների օրը տեղամասերում միջադեպեր չեն գրանցվի:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավին մասնակցում է համամասնական միացյալ ցուցակով` Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայոց համազգային շարժում կուսակցության հիման վրա վերջերս ստեղծված  «Ազատ դեմոկրատների» հետ:

2007թ. մայիսի նախորդ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը 6% էր հավաքել եւ խորհրդարանում ունի 7 պատգամավոր: