Ղրղըզստանում հարսնացուի գլխագինը վճարում են օրինական հիմքով. շրջաններից մեկի իշխանությունները սահմանել են, որ հարսնացուի գլխագինը չպետք է 50 հազար սոմից (շուրջ 1100 դոլար), չորս ոչխարից եւ երկու տուկ բամբակից ավելի լինի:
Օրենքը հենց այդպես էլ կոչվում է` «Հարսանեկան ծախսերի եւ գլխագնի չափի կրճատման մասին»: Այն հարսանեկան շարասյունը կրճատում է չորս ավտոմեքենայով, ինչպես նաեւ արգելում է օգտագործել «թանկարժեք ավտոմեքենաներ», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ղրղըզստանում առանց գլխագնի եզակի հարսանիքներ են տեղի ունենում, որի «միջին» չափն այժմ ոչ պաշտոնապես հաստատվել է 1000 դոլարի մակարդակով, թեպետ լինում են խոշոր վճարումների դեպքեր: Նման հարսանեկան պատմությունները հետագայում դառնում են քաղաքային բանահյուսության առարկա:
Հարսանիքին սովորաբար մորթում են ձի կամ կով, ինչպես նաեւ մի քանի ոչխար: Ամեն ինչ կախված է հրավիրված հարազատների եւ մտերիմների քանակից. նրանց քանակը հաճախ հասնում է մի քանի հարյուրի, իսկ միսը պետք է բավականացնի բոլորին:
Այն բանի համար, որ ամեն ինչ լավ անցնի, որոշ ընտանիքներ վարկեր են վերցնում բանկերում եւ գրավ դնում ունեցվածքը:




























