Հայ ազգային կոնգրեսն անում է ամեն ինչ գող, ավազակ, սրիկա, մարդասպան իշխանություններից ազատվելու համար: Այդ մասին այսօր` ապրիլի 17-ին, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը` Կոմիտասի անվան Պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք անում ենք ամեն ինչ: Կոնգրեսն իր կողմից անում է ամեն ինչ` այս գող, ավազակ, սրիկա, մարդասպան իշխանություններից ազատվելու համար: Եվ մենք պատրաստ ենք համագործակցելու ցանկացած ուժի հետ, որոնք կնպաստեն այս գործին»,- նշել է Տեր-Պետրոսյանը եւ հավելել, թե դրանով է բացատրվում ՀԱԿ-ի մասնակցությունն ընտրությունների վերահսկման միասնական շտաբին:

«Ես համոզված եմ` անկեղծ աշխատանքի դեպքում հնարավորություն ունենք վերջապես բռնելու չարագործի ձեռքը եւ թույլ չտալու այն ընտրակեղծիքները, որ մինչեւ հիմա թույլ են տվել: Միայն մեկ բան է պահանջվում. ինչպես ասում են` ձեռքերը քշտել ու լծվել այս գործին: Եվ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին այլեւս ՀՀ նախագահը չի լինի»,-ասել է նա:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այցելել էին Պանթեոն` Ազգային Ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակի կապակցությամբ, նրան հարգանքի տուրք մատուցելու համար: Տեր-Պետրոսյանը ծաղկեպսակ է դրել Կարեն Դեմիրճյանի շիրիմին: