Օսլոյի դատարանում նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի ելույթը կիսատ մնաց: Ելույթի համար նրան հատկացրել են 30 րոպե, սակայն նա չի տեղավորվել ժամանակի մեջ եւ չի հասցրել մինչեւ վերջ ընթերցել նախապես պատրաստած 13 էջանոց տեքստը: Ընդ որում, դա տեքստի կրճատված տարբերակն էր. դատին նախապատրաստվելուց առաջ նա իր գործողությունները բացատրել էր 25 էջում:

Երբ դատավորն ընդհատել է նրան, Բրեյվիկը հայտարարել է, որ իրեն ընդամենը 5 էջ է մնացել: Lenta.ru-ի հաղորդմամբ, դատապաշտպանները պնդելու են, որպեսզի նրան թուլ տան ավարտել խոսքը:

Նախքան նրա ելույթն ընդհատելը մեղադրյալը հասցրել է հայտարարել, որ իր ժողովրդի համար մեռնելու հնարավորությունը կամ կյանքի մնացած տարիները բանտում անցկացնելը կհամարեր բարձրագույն պատիվ: «Ես չեմ վախենում ողջ կյանքս բանտում անցկացնելուց: Ես ծնվել եմ բանտում, ուր չեմ կարողանում ազատ արտահայտել իմ մտքերը»,- ասել է նա:

«Московский комсомолец»-ը հաղորդում է, որ Բրեյվիկը Նորվեգիայի իշխանություններին մեղադրել է մարդկանց խաբելու եւ նորվեգացիների ազգային ինքնությունը ոչնչացնելու մեջ: Նա երկրի ղեկավարման եվրոպական մոդելը անվանել է քայքայված եւ բանվորական կուսակցության երիտասարդական թեւը համեմատել է Հիտլեր Յուգենտ կազմակերպության հետ:

«Նորվեգիան չի կարող համարվել դեմոկրատական երկիր, քանի դեռ նրանում առկա է գրաքննությունը: Իշխանությունները խաբում են ժողովրդին: Ոչ ոք Նորվեգիայի բնակչությանը չի հարցրել` կողմ են արդյոք նրանք այդպիսի միջամտությանը դրսից, այդպիսի ներգաղթային քաղաքականությանը, որը խախտում է իրենց իրավունքները, ստեղծված էթնիկ խմբերը, ոտնահարում է քրիստոնեական արժեքները»,- ասել է Բրեյվիկը:

Դահլիճում ներկաների դժգոհությունն է առաջացրել Հիտլեր Յուգենտ կազմակերպության հետ բանվորական կուսակցության երիտասարդական թեւի համեմատությունը, որի ջոկատը Բրեյվիկը գնդակահարել է Ութեյա կղզում:

«Ես ուզում էի փրկել Նորվեգիան իր մշակույթի, ավանդույթների եւ արժեքների ոտնահարումից»,- հայտարարել է «նորվեգացի հրաձիգը»: