«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի մերձեցման գործընթացն ակնհայտ է: Այս մասին, այսօր` ապրիլի 17-ին, մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ի պատասխան հարցի, թե կիսո՞ւմ է կարծիքը, որ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ պայմանավորվածություն կա կոալիցիա կազմել ապագա խորհրդարանում:
Մարտիրոսյանը հիշեցրել է տարածված տեղեկությունն այն մասին, որ ԲՀԿ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՀԱԿ-ի թեկնածուներին մեծամասնական ընտրատարածքներում: Քաղաքական առումով, պատգամավորը դրանում խնդիր չի տեսնում:
«Ցանկացած քաղաքական ուժ ազատ է այլ քաղաքական ուժի հետ իշխանություն ձեւավորելիս: Սակայն խնդիրն այն է, որ այդ մասին հարկավոր է հրապարակայնորեն հայտարարել եւ չխոսել իշխանության լիակատար փոփոխման մասին, եթե մտադիր ես իշխանության պատասխանատվությունը կիսել դրա մաս կազմող մեկ այլ ուժի հետ: Ամեն դեպքում, քաղաքացու եւ ընտրողի հետ պետք է անկեղծ եւ թափանցիկ լինել: Իսկ այդ ուժերը կոալիցիա կձեւավորեն, թե ոչ, իրենց խնդիրն է: Տրամաբանությունը հուշում է, որ դա տեղի կունենա»:
Մարտիրոսյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստանը» նույնպես պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի համար: Մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն այն մասին, որ «Ժառանգություն» կուսակցությանը պարտավորեցրել են ԲՀԿ-ի դեմ դիրքորոշումը, Մարտիրոսյանը նշել է. «Այս տարիների ընթացքում «Ժառանգությանը» բազմիցս մեղադրել են այս կամ այն պատվերների կատարման մեջ, սակայն ամեն անգամ ժամանակն ապացուցել է, որ դրանք հերթական ստահոդ լուրերն էին: «Ժառանգությունը» արդարանալու ոչ մի պատճառ չունի, քանի որ այս տարիներին հրապարակային է գործել:
Նախքան պատվերների մասին խոսելը մարդիկ պետք է նայեն` ինչպես իրենք, իշխանության մաս կազմելով, իրագործում են երկիրը քանդելու, եկամուտների կենտրոնացման եւ ժողովրդին թալանելու պատվերը: Ես շատ հանգիստ եմ վերաբերվում այդ հայտարարությանը, քանի որ այն, ինչպես եւ «Ժառանգություն» կուսակցության մասին մնացած բամբասանքները կարճ կյանք կունենան»:
Մարտիրոսյանը կրկին հիշեցրել է, որ «Ժառանգությունը» 2013թ. նախագահական ընտրությունների ընթացքում իր թեկնածուն կառաջադրի` ի տարբերություն նրանց, ովքեր թեկնածուին տեսնում են ի դեմս Հայաստանի երեք նախագահների: «Դա «Ժառանգություն» կուսակցության հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառներից մեկն է: Բացի այդ, հանդիսանալով ընդդիմություն, «Ժառանգությունը» միշտ էլ պաշտպանել է հասարակության ընդդիմադիր մասի շահերը, խաղեր չի խաղացել», - վստահեցրել է Մարտիրոսյանը:




























