Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` ապրիլի 17-ին, կրկին հրաման է ստորագրել` Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին:
Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի մարտի 19-ի թիվ 190-Ա/Ք հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից, սույն թվականի մարտի 20-27-ը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության արդյունքներով՝ 12.04.2012 թվականին կազմված ակտը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է խիստ նկատողություն: Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, առանց հարգելի պատճառի բացակայել է երկրից, ոչ պատշաճ կերպով է կատարել իր ծառայողական պարտականությունները:
Ի պատասխան Սուրեն Զոլյանը մեր թղթակցի հետ զրուցյում հայտարարել էր, թե Արմեն Աշոտյանի հրամանը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն: Նա դիմել է դատարան եւ համոզված է, որ դատարանն անվավեր կհայտարարի այս անհեթեթ հրամանը: Ռեկտորը դիմելու է նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ վերացնի նշված հրամանը եւ որոշի Արմեն Աշոտյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:



























