Էջմիածին քաղաքում կոմունիստների նախընտրական հանդիպումն սկսվել է Խորհրդային Հայաստանի հիմնի հնչյունների ներքո, Արմավիրի մարզից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Հանրահավաքն անցել է հրապարակում` Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:
Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն իր ելույթում ընդգծել է, որ անկախության ձեռքբերման օրվանից, որը դարձել էր Խորհրդային միության դավաճանական եւ նպատամղված փլուզման հետեւանք, 20 տարի է անցել, սակայն Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը շարունակում է աղքատության մեջ ապրել: «Մենք պետք է համախմբվենք Կարմիր դրոշի ներքո եւ մայիսի 6-ի ընտրությունների օրը վճռականություն ցուցաբերենք բանվորներից խլված իրավունքների վերականգնման պայքարում:
Կրթության, հանգստի եւ աշխատանքի իրավունքները պետք է վերականգնվեն: Միայն երկրի աստիճանական անցումը սոցիալիստական զարգացման ուղու թույլ կտա ժողովրդին դուրս հանել աղքատությունից եւ անօրինությունից», - ասել է Կոմկուսի ղեկավարը` դիմելով Էջմիածնի ընտրողներին:
Միավորված առաջադիմական կոմունիստական կուսակցության առաջնորդ Վազգեն Սաֆարյանը, ով Կոմկուսի միասնական համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում է, իր հերթին ուշադրություն է հրավիրել խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների աստիճանական վերականգնման եւ հարկերի իջեցման ճանապարհով հայրենական արտադրության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցին:
Հայաստանի Կոմկուսի համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածուների առաջին դեմքերն այսօր հանդիպում են անցկացրել նաեւ Արմավիրի մարզի Գայ համայնքի բնակիչների հետ:



























