The Club ակումբում, ապրիլի 14-ին, կայացել է երիտասարդ ջազային երգչուհի Գոհար Գրիգորյանի դեբյուտային  Flight տեսահոլովակի շնորհանդեսը:

Տեսահոլովակը նկարվել է երգչուհու անձնական միջոցներով, քանի որ նա դեռ պրոդյուսեր չունի: «Ես հասկանում եմ, որ ընտրելով ջազը` ամենահեշտ ուղին չեմ ընտրել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գոհարը` հավելելով, որ գիտակցում է, թե դժվար երբեւէ հայտնվի հայկական շոու-բիզնեսում:

«Կարծում եմ` ես միշտ շուրջը կպտտվեմ, բայց այնտեղ չեմ հայտնվի: Եթե անկեղծ, այնքան էլ մեծ ցանկություն չունեմ»,-ասաց նա:

Գոհարը երգում է մանկության մասին եւ հանդես գալիս որպես ջազ եւ սոուլ ոճի կատարող: Չնայած կարիերայում եռամյա ընդմիջմանը, Գոհարը վերադարձել է ստեղծագործական գործունեությանը` երգել շարունակելու հաստատակամությամբ: Մինչ վերջերս նա կատարում էր հայտնի կոմպոզիցիաների քավեր-տարբերակները` նախապատվություն տալով Էլլա Ֆիջերալդի երգացանկին: «Բայց երգիչը պետք է սեփական երգացանկն ունենա: Երգի գաղափարը ծագել է վաղուց եւ Արմեն-Լեւոն Մանասարյանի (երաժշտության հեղինակ) եւ Լիլիթ Տերտերյանի (խոսքերի հեղինակ) հետ համագործակցության արդյունքում հաջողվեց իրականացնել գաղափարը»,- պատմեց Գոհար Գրիգորյանը:

Գոհարին աջակցելու էին եկել ընկերներն ու գործընկերները, այդ թվում` ջազային կատարող Նարինե Դովլաթյանը, ով այս կիրակի ստացել էր «Տարվա հայտնություն» մրցանակը:

Ինչ վերաբերում է ստեղծագործական ծրագրերին, Գոհարը պատմել է, որ վերջերս երգի տեքստ է նվեր ստացել, որը մտադիր է երգի վերածել: Թերեւս, երգչուհին մեզ կուրախացնի նոր տեսահոլովակով եւ համերգային ծրագրով:

 

Фото Соны Барсегян