Մոսկվայում սպանված հայազգի դպրոցական Էդուարդ Մարկարյանի մոր` Ալլա Մարկարյանի ներկայացրած քաղաքացիական հայցի վերաբերյալ դատարանի որոշումը, որը ուժի մեջ պետք է մտներ ապրիլի 16-ին, բողոքարկվել է:

Հիշեցնենք, որ Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը ծեծկռտուքի արդյունքում զոհվել էր 2010 թ. սեպտեմբերին:

Կռվի նախաձեռնողը 9-րդ դասարանցի, ծագումով ադրբեջանցի Մամեդ Մամեդովն էր, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացի է: Ըստ իրավապահների` ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցից ոչ հեռու: Որոշ տվյալներով` Մամեդովը տիրապետում է մարտարվեստի որոշ հնարքների եւ դրանք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Միաժամանկ, Մամեդովի դեմ հարուցված քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է քրոնիկ հիվանդությամբ, ինչն էլ ճակատագրական է եղել նրա համար:

Այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցով որոշել էր, որ Մամեդովի կողմից հրահրած կոնֆլիկտի սթրեսային իրավիճակի եւ  սրտանոթային անբավարարությունից Էդիկի մահվան միջեւ պատճառահետեւանքային կապ կա: Դատարանը Մեմեդովի ծնողներին պարտավորեցրել էր 500 հազար ռուբլի վճարել: Միժամանակ դատարանը մեղավոր չէր համարել Առողջապահական դեպարտամենտի մանկական պոլիկլինիկային:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ալլա Մարկարյանը հայտնեց, որ Մամեդովների ընտանիքի բողոքարկման դիմումում պահանջվում է չեղյալ համարել դատարանի որոշումը: Միաժամանակ` Մամեդովները հղում են կատարում քրեական, այլ ոչ թե քաղաքացիական գործի փորձաքննության տվյալներին: «Քրեական գործը վաղուց փակված է: Ի՞նչ կապ ունի այն»,-նշեց Ալլա Մարկարյանը` նկատելով, որ  փորձ է արվում շեշտադրել այն հանգամանքը, որ նշված փորձաքննության մեջ ճանաչվում է Մամեդովի «անմեղությունը»: Առայժմ Մամեդովների բողոքին ընթացք չի տրված պետտուրքի չվճարման պատճառով: «Բայց եթե միտումը շարունակվի, եւ Մամեդովները միջոցներ ձեռնարկեն դատարան հասնելու, ես ստիպված կլինեմ հակընդդեմ հայց ներկայացնել»,-նշեց Ալլա Մարկարյանը: