Ինտերնետի հիմնական սկզբունքները` բացությունն ու համընդհանուր հասանելիությունը, այսօր սպառնալիքի տակ են հայտնվել: Այսպիսի է Google ընկերության հիմնադիր Սերգեյ Բրինի տեսակետը:

Նա The Gardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ողջ աշխարհում տարբեր կողմերից շատ հզոր ուժեր են դեմ դուրս եկել բաց ինտերնետին եւ դա իսկապես սարսափելի է:

Ընդ որում, Բրինի կարծիքով, համացանցի դեմ սպառնալիք են ոչ միայն պետությունները, որոնք փորձում են վերահսկել քաղաքացիների միջեւ շփումն ու հասանելիությունը, այլեւ զվարճանքի ինդուստրիայի հակապիրատական ընկերությունները, ինչպես նաեւ աճող «ցանկապատված» տարածքները, ինչպիսիք են Facebook-ն ու Apple-ը, որոնք խիստ վերահսկում են, թե որ ծրագրային ապահովությունը կարող է աշխատել իրենց պլատֆորմներում, հաղորդում է BFM.RU-ն:

Բրինը հայտարարել է, որ ամենից շատ իրեն անհանգստացնում է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Իրանի` գրաքննություն մտցնելու եւ ինտերնետի օգտագործումը սահմանափակելու փորձերը: Նրա խոսքով, Facebook-ը եւ Apple-ը, որոնք սեփական պլատֆորմներն են օգտագործում եւ վերահսկում օգտվողների հասանելիությունը տեղեկատվությանը, սպառնում է հանգեցնել ինովացիաների սափմանափակման եւ ինտերնետի հատվածականության:

Բրինի ներկայացմամբ, իրեն եւ Լարի Փեյջին չէր հաջողվի ստեղծել Google-ը, եթե ինտերնետում գերիշխեր Facebook-ը: