Նախընտրական կաշառք տվող կուսակցությունները պետք է ամաչեն: Այս մասին հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ապրիլի 17-ի մամլո ասուլիսում:

Նա նշել է, որ նախընտրական կաշառքի` շաքարի, քաղցրավենիքի, մուրաբայի, ջեմի բաժանումը դարձել է  խաբեության յուրօրինակ ձեւ: Դրան զուգահեռ, տիրում է վախի մթնոլորտը. մարդիկ վախենում են բռնվելուց, եթե չքվեարկեն նրա օգտին, «ում որ պետք է»:

ՀԴԿ-ի առաջնորդը ճանապարհների եւ բակերի ասֆալտապատումը եւս նախընտրական կաշառք է համարում:

Արամ Սարգսյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում բարեփոխումները չեն օգնի, անհրաժեշտ է իրադրության արմատական փոփոխություն:

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն քաղաքական  9 ուժեր: Մեծամասնական համակարգով առաջադրվել են  154 թեկնածուներ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակում 45 անուն  է: Ցուցակի առաջին եռյակն են`կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, քաղաքագետ Արմեն Հովսեփյանը: