Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 17-ին, շարունակել է քարոզարշավը Սյունիքի մարզում:

Սերժ Սարգսյանը նախ այցելել է Կապանի հիմնանորոգված երկրագիտական թանգարան, ծանոթացել է վերանորոգված 2 մասնաշենքերի պայմաններին:

ՀՀԿ նախագահն այցելել է նաեւ Կապան քաղաքի «Վամաքս Գրուպ» ՍՊԸ, շրջել ընկերության արտադրամասերում,  ծանոթացել մսի եւ կաթի արտադրությամբ զբաղվող «Վամաքս» եւ «Մարիլա» ՍՊԸ-ներում արտադրական պրոցեսին:

Նախագահը եղել է նաեւ Դարբաս համայնքում գտնվող Շամբիի պահածոների եւ հանքային ջրերի գործարաններում: Գորիսում էլ նախագահը եղել է «Սոցիալական տուն» ծրագրի շրջանակում քաղաքում կառուցվող բնակարանների շինհրապարակ` ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Գորիսում ընտրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀԿ «ծրագրի նպատակը սոցիալապես եւ ֆիզիկապես պաշտպանված քաղաքացին է, բարեկեցիկ եւ մեծ ընտանիքը»: Նրա խոսքով, 2010-ից հետո Գորիսում դեռ շատ խնդիրներ են մնացել, որոնք կարելի է լուծել համատեղ աշխատանքով:

Սարգսյանն ընդգծել է, թե Սյունիքն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար: «Ես ուզում եմ տեսնել Գորիսը որպես կրթության կենտրոն, որպես առեւտրային եւ տնտեսական խաչմերուկ, ինչի հնարավորություններն իսկապես շատ մեծ են: Բակունցի եւ Խանզադյանի հայրենի քաղաքը ես ուզում եմ տեսնել որպես հանրահայտ եւ ժամանակակից մշակույթի կենտրոն», - ասել է նախագահը: