Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքից ազատվելու հարցը չունի քաղաքական ենթատեքստ, սակայն որոշ քաղաքական շրջանակներ եւ քաղաքականացված եւ ուղղորդված ԶԼՄ-ներ փորձում են շահարկել այն: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Այսօրվա իմ հրամանը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ստանում եմ բազմաթիվ հարցեր, նամակներ, զանգեր, գրություններ նախկին եւ ներկա ուսանողներից, աշխատակիցներից, այլ քաղաքացիներից: Շնորհակալություն եմ հայտնում նրանցում հայտնվող աջակցության համար:Միաժամանակ, որոշ հարցադրումներում կան նաեւ տարակուսանքի, անհանգստության եւ անհամաձայնության դրսեւորումներ:

Մի կողմ թողնելով հարցի հուզական կողմը, ուզում եմ հայտնել հետեւյալը`

1. Աբսուրդային են այն լուրերը, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսրանը լուծարվելու է:

2. Համալսրանի եւ ոչ մի ուսանող այս ընթացքում չի տուժել եւ չի տուժելու, դասերը, ստուգարքները, քննությունները շարունակվելու են սովորական ռեժիմով:

3. Այս տարվա շրջանավարտները կստանան իրենց հասանելիք դիպլոմները:

4. Դիպլոմում սխալ մասնագիտական գրառմամբ ոչ մի նախկին շրջանավարտ անհանգստանալու կարիք չունի: Մեր մեղքն է, որ այդ խախտումը ուշ է հայտնաբերվել, եւ ոչ թե ձեր:

5. Ս. Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում: Հարցի իրավական մանրամասնությունները պատրաստ ենք ներկայացնել դատարանում:

6. Հարցը չունի քաղաքական ենթատեքստ: Սակայն որոշ քաղաքական շրջանակներ եւ քաղաքականացված եւ ուղղորդված ԶԼՄ-ներ փորձում են շահարկել այն:

Հարգում եմ Ս. Զոլյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, ցավում եմ իր անվայելուչ ու հայ մտավորականին ոչ հարիր պահվածքի համար:

Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ։ Կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  ապրիլի 10-ի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ երկրորդ անգամ կիրառվել էր կարգապահական տույժ՝  հայտարարվել է խիստ նկատողություն:

Նախարար Արմեն Աշոտյանն ավելի ուշ հրաման էր ստորագրել` «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին»: