Իշխանությունները պետք է անի ամեն բան, որպեսզի հայերն ամենից լավ ապրեն հենց Հայաստանում: Այս մասին այսօր` ապրիլի 17-ին, Արմավիրում, նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«1988-ին մեզ նույնպես ասում էին, որ մենք չենք կարող հաղթել Ղարաբաղում: Ասում էին. «Ինչպես եք դուրս գալու խորհրդային բանակի, Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ: Բայց մենք հաղթեցինք, չէ՞: Որովհետեւ հավատում էինք եւ գնում էինք հանուն արդարության: Հիմա էլ իշխանությունը փորձում է մեր մեջ կոտրել հավատը: Կամաց-կամաց ներշնչում են, որ ընտրությունների արդյունքը կանխորոշված է, իսկ մենք ուզում ենք, որպեսզի մենք բոլորս հավատանք մեզ եւ ընտրենք մեր համոզմունքներից ելնելով»,-հայտարարել է Ռուստամյանը:
Խոսելով սոցիալական քաղաքականության մասին, նա հայտարարել է. «Այսօր բոլոր ուժերը մրցման մեջ են մտել իրենց սոցիալական ուղղվածության հայտարարություններում: Փորձում են մեզանից վերցնել մեր գաղափարները, բայց ժողովուրդը լավ գիտի, թե ով է միշտ եղել իր կողքին»:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ավելի կտրուկ արտահայտվեց. «Նվազագույն աշխատավարձը պետք է ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից: Երբ մենք այդ մասին խոսում էինք, կոալիցիոն իշխանությունները դեմ էին արտահայտվում:
Հիմա նրանք ասում են, որ կողմ են սոցիալական նպաստների եւ թոշակների բարձրացմանը, թեեւ խորհրդարանում ունենալով մեծամասնություն, դեմ քվեարկեցին ՀՅԴ-ի այդ առաջարկին»:




























