Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր Հանուն ժողովրդավարական փոփոխությունների ազգային համակարգող կոմիտեի պատվիրակության հետ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Սիրիայում իրավիճակի կայունացման ուղիների մասին կարծիքների փոխանակման ընթացքում կողմերն աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանին, որի շրջանակներում ապրիլի 12-ից հրադադար է հայտարարվել»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կողմերը գոհունակություն են հայտնել դիրքորոշումների համապատասխանության առումով, մասնավորապես, կապված Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին արտաքին միջամտության անթույլատրելիության հետ: Նշվել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման հիմքում պետք է դրվի Սիրիայի ժողովրդի կամքը` լայն ազգային երկխոսության եւ ժողովրդավարական գործընթացների ճանապարհով, որոնք կբխեն սիրիացիների շահերից: