Ստամբուլի կենտրոնում 2012-ի փետրվարի 26-ին Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ տեղի ունեցած հակահայկական բողոքի ակցիայի ժամանակ հայերին վիրավորող կարգախոսներ պարզողներից 9-ը ձերբակալվել են:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` ձերբակալվածները ոստիկանությունում հայտարարել են, թե չեն ճանաչում այն անձանց, ովքեր որ իրենց տվել են այդ կարգախոսները: Ոստիկանությունում համապատասխան գործընթացից հետո դատախազության ցուցումով կասկածյալները ստորագրությամբ ազատ են արձակվել:
Նշենք, որ Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը եւ «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժումը Ստամբուլում փետրվարի 26-ին տեղի ունեցած հակահայկական ակցիայի կազմակերպիչների եւ այդ ակցիայի ժամանակ ելույթ ունեցած Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի դեմ դատական հայց են ներկայացրել։
Հայցի հեղինակները շեշտել են, որ բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը, ում ելույթն ամբողջությամբ կազմված է եղել հայ ժողովրդի դեմ քին եւ ատելություն սերմանող արտահայտություններից։ «Նախարարի ելույթը ծայրաստիճան վտանգավոր, կողմնակալ եւ խտրական էր, որի պատճառով որոշել ենք ներկայացնել այս հայցը»,-ասվել է հայցում։
Թուրք նախարարն իր հայտարարության մեջ ասել էր. «Այդ օրը արյուն է թափվել, սակայն դրա պատասխանը չի տրվել։ Այդ արյունը գետնին չի մնալու։ Այդ արյան հաշիվը միասին պահանջելու ենք Ստամբուլում, Բաքվում եւ այլուր»։




























