ԱՄՆ-ում սկանդալ է ծավալվում նախագահի թիկնազորի աշխատակիցների շուրջ, որոնք Կոլումբիա կատարած այցի ժամանակ զվարճացել էին մարմնավաճառների հետ: Շարունակում են ստացվել դեպքի մանրամասներ:
BBC-ի տվյալներով, զինծառայողների եւ գաղտնի ծառայության աշխատակիցների խումբը ժամանակ է անցկացրել Play Club ակումբում: Խնջույքից հետո նրանք ակումբի ղեկավարությանը 60-ական դոլար են վճարել նվազագույնը երկու կին հետները տանելու համար, հաղորդում է Washington Post-ը:
Հաջորդ առավոտ կանանցից մեկը ծառայությունների համար ավելի շատ գումար է պահանջել, ինչից հետո սկանդալ է սկսվել:
ABC News հեռուստաալիքը հաղորդում է, որ գաղտնի ծառայության աշխատակիցները ամեն տեղ պարծեցել են` հայտարարելով, որ նախագահի պաշտպանությունն են ապահովում:
Ըստ ամերիկյան պաշտոնյաների` սկանդալում գաղտնի ծառայության նվազագույնը 11 գործակալ է ներգրավված, մի քանի զինծառայողներ եւ թեթեւ վարքի շուրջ 20 կին:
Washington Post-ի տեղեկացմամբ, գործակալներից երկուսը գաղտնի առայության բարձրաստիճան պաշտոնյաներ են: Բոլոր 11 թիկնապահներին արձակուրդ են ուղարկել, բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրանց շփումն արգելվել է:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ «հանգամանալից հետաքննություն» է ակնկալում, եւ չի թաքցրել զայրույթը:




























