Մոսկվայի Տուշինո շրջանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է ոչ թե 20, այլ 9 մարդ: Այս մասին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմիններից:

Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Մոսկվայի բաժանմունքից «Ռոսբալտին» հայտնել են, որ նախօրեին ժամը 23:50-ին, Աերոդրոմնայա փողոցում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին, ճշտված տվյալներով, մասնակցել է 9 երիտասարդ: Նախկինում հաղորդվել էր, որ նրանց թիվը 20 է եւ նրանք կովկասցիներ են:

Արդյունքում 4 երիտասարդներ (20, 25, 26 եւ 29 տարեկան) դանակից ստացված վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Պարզվել է, որ կռիվն սկսվել է վիճաբանությունից: Հարավային Տուշինո շրջանի 6 բնակիչներ, այդ թվում մեկ աղջիկ, ալկոհոլային խմիչք են օգտագործել շենքի դիմաց: Բակից դուրս են եկել երեք անհայտ երիտասարդներ, ովքեր, ըստ տուժածների, հարբած են եղել եւ բարձրաձայն հայհոյել են: Երիտասարդները նրանց դիտողություն են արել, վիճաբանություն է ծագել, որը վերաճել է ծեծկռտուքի:

Որոշ ժամանակ անց անհայտ մարդիկ դեպքի վայրից անհետացել են:

Ծեծկռտուքի ժամանակ հարձակվողները դանակներ են օգտագործել: Նրանց այժմ փնտրում է ոստիկանությունը: