Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի իշխանությունները շատ ավելի լավ են պատրաստված ընտրություններին եւ դրանով է պայմանավորված, որ տարբեր տիպի միջադեպերը պակասել են: Այս մասին ապրիլի 17-ին, Լոռիի մարզ այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Կարծում եմ կհամաձայնեք, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, շատ ավելի հավասար պայմաններ են ստեղծված բոլոր կուսակցությունների համար, եւ տեմպը մենք մինչեւ ընտրությունների ավարտ կպահպանենք»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞ւմ է ՀՀԿ-ն համարում որպես մրցակից, վարչապետն ասել է, որ Հանրապետական կուսակցությունն այսօր առանձնահատուկ վիճակում է գտնվում, ու բոլորը դա գիտակցում են: «Քանի որ ի դեմս հանրապետականի տեսնում են իշխող կուսակցություն, ուժեղ կուսակցություն, եւ դրա համար էլ այս առանձնահատկությունը գոյություն ունի այս ընտրությունների ժամանակ, մենք էլ պարտավոր ենք մեր այդ կեցվածքը կայուն, ամուր ու հավասարակշռված պահպանենք մինչեւ ընտրությունների ավարտը, ինչը եւ անելու ենք»,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ իրենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի տհաճ միջադեպեր քիչ լինեն:

«Բայց երբեմն դա անհնարին է անել, որովհետեւ նաեւ մեր գործընկերները պետք է մեզ օժանդակեն, որպեսզի միջադեպեր չլինեն, սադրանքներ չպետք է անել»,- ամփոփեց վարչապետը, այդպես էլ չկոնկրետացնելով, թե ինչ սադրանքների մասին է խոսքը:

Նշենք, որ մինչ այսօր նախընտրական շրջանում երկու աղմկահարույց միջադեպ է գրանցվել. Նախ դաժան ծեծի ենթարկվեց եւ ընտրապայքարից դուրս եկավ թիվ 21 ընտրատարածքում թեկնածու առաջադրված Մերուժան Մխոյանը, ապա Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի շրջանում բռնություն կիրառվեց ՀԱԿ-ի երեք թեկնածուների նկատմամբ, որոնցից մեկին` Բաբկեն Գարոյանին ծեծի են ենթարկել` կոտրելով քիթը: Ըստ ականատեսների, ծեծողները եղել են հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի մարդիկ: