Սուխումի բանտում կախվելու միջոցով ինքնասպան է եղել  Աբխազիայի նախագահի դեմ մահափորձի կասկածյալներից մեկը:
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են հանրապետության իրավապահ կառույցներում, ապրիլի 18-ի գիշերը կախվել է քրեական գործի մասնակիցներից Թիմուր Հութաբան:

Ապրիլի 17-ին ձերբակալվելու պահին սեփական կոկորդը ցանկացել էր կտրել նախագահի դեմ մահափորձի եւս մեկ կասկածյալ` Մուրման Սականիյան:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ապրիլի 17-ին ձերբակալելու փորձի ընթացքում ինքնասպան էր եղել Աբխազիայի ներքին գործերի նախկին նախարար Ալմասբեյ Քչաչը, որը եւս կասկածվում էր Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձում հանցակցության մեջ:

Անկվաբի շարասյունը շրջափակման մեջ էր հայտնվել փետրվարի 22-ին Գուդաուտա-Սուխումի ավտոճանապարհին: Այն հրաձգության էր ենթարկվել նռնականետներով եւ գնդացիրներով: Նախագահի թիկնազորին հաջողվել էր Անկվաբի ավտոմեքենան հեռացնել եւ պատասխան կրակ բացել: Արդյունքում պաշտպանության մի քանի սպաներ վիրավորվել, երկուսը զոհվել էին: