Քալիֆորնիայի համալսարանի ֆիզիկոսը ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանքից խուսափել է` դատավորներին ճանապարհին կատարվածի առնչությամբ չորս էջանոց գիտական զեկույց ներկայացնելով: Նրան 400 դոլարի տուգանք էր սպառնում:
Ճանապարհային ոստիկանությունը Դմիտրի Կրյուկովի դեմ հայց էր ներկայացրել այն բանի համար, որ նա «Կանգառ» նշանի մոտ չի կանգնեցրել մեքենան:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, «Անմեղության ապացույց» վերնագրված փաստաթղթում ֆիզիկոսը գրաֆիկներ եւ գծագրեր է ներկայացրել, որոնք հստակեցնում էին երթեւեկության գծային եւ անկյունային արագությունների տարբերությունը: Նա դա արել է, որպեսզի հիմնավորի այն փաստը, որ հարեւան գոտում հայտնված ավտոմեքենան ոստիկանին խանգարել է ճիշտ գնահատել վարելու ընթացքում իր գործողությունները:
Գիտնականի խոսքով` տեսականորեն ինքը կարող էր կանգ առնել դադարի գծի մոտ, եւ, մինչ ոստիկանի ուշադրությունը շեղել էր մյուս մեքենան, կրկին արագություն հավաքել եւ շարունակել երթեւեկությունը:
Դատավորը Կրյուկովի ներկայացրած փաստարկները միանգամայն բավարար է համարել նրա վրայից մեղադրանքը հանելու համար:
Դատական գործընթացի ավարտից հետո Դմիտրի Կրյուկովը իր զեկույցը տեղադրել է համացանցում` ցանկացողներին առաջարկելով «Անմեղության ապացույցում» սխալ գտնել:




























