«Ժառանգությունը» չի պատրաստվում ստորագրել ընտրությունների վերահսկման միասնական շտաբի հայտարարության տակ, քանի որ այդ հայտարարությանը միացած ԲՀԿ-ն մի կողմից բերանում թուքը չչորացած քննադատում է  իշխանություններին, մյուս կողմից ընտակաշառքներ է բաժանում: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Ես էլ զարմանում եմ, ասում եմ դու չէի՞ր, որ ծայրից ծայր կողմ քվեարկեցիր իշխանական քայլերին: Այսինքն` դու նպաստեցիր այդ ամենին, բայց այսօր ասում ես նոր եմ հասկացել, որ իմ այդ քայլերով տապալել եմ երկիրը, տնտեսությունը եւ այլն եւ այլն: Ու այսօր եկեք ինձ հավատացեք, որովհետեւ համարյա թե ընդդիմություն եմ: Ո՞վ է հավատալու, ոչ ոք չի հավատալու»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը եւ նկատեց, որ եթե ԲՀԿ-ն  իսկապես մտահոգ է, պետք է տեղն ու տեղը դուրս գա կոալիցիաից եւ չեղյալ հայտարարի այն հուշագիրը, ըստ որի 2013թ-ի ընտրություններին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Ժառանգության» ներկայացուցիչը թե ԲՀԿ-ին, թե ՀՅԴ-ին մեղադրեց ձայնագողության մեջ: «Իսկ ՀԱԿ-ը մեկ ուրիշ կարգի ձայնագողությամբ է զբաղվում»,- ավելացրեց ԱՆահիտ Բախշյանը:

Նշենք, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել, որից հետո «Ժառանգության» ներկայացուցիչը հայտարարել է, որ դա նախնական ստորագրություն է եւ նախապայման առաջ քաշել: Նախ, «Ժառանգությունը» պահանջում է, որ շտաբի ստեղծման հայտարարությունը ստորագրեն անձամբ քաղաքական ուժերի առաջնորդները եւ երկրորդ, նշում է, որ ԲՀԿ-ն մի կողմից միանում է այս հայտարարությանը, մյուս կողմից բարեգործության անվան տակ ընտրակաշառք է բաժանում: