Ստամբուլի դատախազությունն արդարացրել է ուկրաինացի ակտիվիստուհիների FEMEN շարժման աղմկահարույց մերկ բողոքի ակցիան, որն անցկացվել էր Կանանց միջազգային օրը Թուրքիայի գլխավոր մզկիթի պատերի մոտ: Այդ մասին հայտնում է «Ռոսբալտը»` հղում անելով թուրքական Hurriyet թերթին:

Դատախազությունը վճիռ էր կայացրել, որ նշված բողոքը չի կարող դիտարկվել որպես հանցագործություն: «Ակտիվիստուհիների սեքսուալությունը դրսեւորվում է ի նշան բողոքի եւ մատնանշում է բողոքի բուն նպատակը` կանանց նկատմամբ բռնությունը: Այդ պատճառով էլ այդ աղջիկների մերկանալը չի կարող դիտարկվել որպես  ինչ-որ անբարո կամ անօրինական երեւույթ», - դատախազի խոսքն է մեջբերում թուրքական թերթը:

Ըստ Ստամբուլում աղջիկների փաստաբան Դոան Սուբասիի`  FEMEN-ը հուսով է, որ Ստամբուլի դատախազության ապրիլի 17-ի  որոշմանը կհաջորդի  մարտի 9-ի ներգաղթային հանձնաժողովի` պարտադիր արտաքսման վերաբերյալ որոշման վերացմանը, ինչպես նաեւ կվերացնի ակցիայի մասնակցուհիների համար անցանկալի անձանց կարգավիճակը:

Կազմակերպության կայքում հիացական արձագանք է հետեւել Թուրքիայի իշխանությունների որոշմանը. «FEMEN-ը շարունակում է իրականացնել համաշխարհային պատրիարքության զայրացնողի առաքելությունը` փորձելով վերջինիս համբերությունը կանացի բողոքական սեքսուալությամբ»:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին FEMEN-ուհիները մերկ ակցիա էին անցկացրել Ստամբուլի գլխավոր մզկիթ  «Այա Սոֆիայի» մոտ: Նրանց ձերբակալել էր ոստիկանությունը, իսկ այնուհետեւ արտաքսվել էին Ուկրաինա` մեկ տարվա ընթացքում առանց Թուրքիայի տարածք մուտք գործելու իրավունքի: