Խորհրդարանական ընտրությունները վերահսկող միացյալ շտաբի ապրիլի 18-ի հերթական նիստին հաստատվել է աշխատանքային  խմբի կազմը, որը կապահովի միացյալ շտաբի եւ նրա կազմի մեջ մտնող կուսակցական շտաբների աշխատանքների միջեւ կապը:

Միացյալ շտաբի աշխատակազմում Հայ ազգային կոնգրեսից կաշխատի Ստեփան Մինասյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, Դաշնակցությունից` Համլետ Աբրահամյանը եւ  Սպարտակ Սեյրանյանը, որոնք կփոխարինեն միմյանց` նայած զբաղվածության:

Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի` անհրաժեշտ է օր առաջ ակտիվացնել միացյալ շտաբի աշխատանքը, քանի որ ժամանակն արդեն սեղմում է, իսկ խախտումների մասին հաղորդագրությունների քանակն աճում օրեցօր:

Հայ ազգային կոնգրեսի  Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը ոչ միայն հավանություն է տվել Օսկանյանի առաջարկությանը, այլեւ ավելացրել է, որ անհրաժեշտ է աշխատանքային խումբն ավելացնել քաղաքական ուժերի ներկայացուցիչներով, որպեսզի նրանք ոչ միայն արձանագրեն խախտումները, այլ նաեւ նրանց մասին հայտնեն միջազգային դիտորդներին եւ հասարակությանը:

Զուրաբյանը նաեւ նշել է, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՀԱԿ-ից պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանի միջադեպի հետ կապված միացյալ շտաբը պետք է համապատասխան կառույցների դիմի, ինչպես նաեւ տարածի հայտարարություն:

Զուրաբյանի առաջարկը պաշտպանել է Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ այդ միջադեպից բացի անհրաժեշտ է պահանջ ներկայացնել լիազորված կառույցներին, որպեսզի նրանք եւս զբաղվեն անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանի ինքնաբացարկի հարցով, որը առաջադրվել էր 21-րդ ընտրատարածքում:  «Թեկնածուին սպառնալիքներով ստիպել են ինքնաբացարկ հայտարարել: Բացի այդ,  ընտրողներն ահազանգում են, որ իրենցից քվեարկելն ապացուցող տեսագրություն են պահանջում: Անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան կառույցները զբաղվեն այդ դեպքերով: Սակայն նշեմ, որ առ այսօր ոչ ոստիկանության պետը, ոչ կառավարության ղեկավարը  չեն պատասխանել մեկ շաբաթ առաջ նրանց հասցեագրված մեր գրավոր դիմումին»:

Հիշեցնենք, որ ընտրությունները վերահսկող միացյալ շտաբ ստեղծելու նախնական հայտարարությունը ստորագրել են իշխող կոալիցիայի կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստանը», ընդդիմադիրներ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»  եւ ՀԱԿ-ը:

Դրանից քիչ ժամանակ անց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ստորագրությունը ժամանակավոր է եղել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի