Հանրապետական կուսակցությունը ոչ մի անգամ չի աջակցել պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանին: Այդ մասին լրագրողների հետ  հանդիպմանը հայտարարել է անձամբ Լյովա Խաչատրյանը: 

Խաչատրյանն առաջադրված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` թիվ 12 ընտրատարածքում:  Ըստ նրա` ինքը «հիանալի գիտի գյուղի բոլոր խնդիրները եւ ավելի ընդարձակ դաշտ է փնտրում աշխատանքի` քաղաքական գործունեության համար»:

«Իմ ելույթները կարող էիք նաեւ գնահատել դուք` լրագրողներդ: Եւ դուք հիշում եք, որ Խաչատրյան Լյովային ոչ մի անգամ չեն աջակցել, քանի որ նա քննադատել էր կառավարության տնտեսական քաղաքականությունը», – հայտարարել է պատգամավորը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նա այդ դեպքում միացել է այլ իշխող կուսակցության` «Բարգավաճ Հայաստանին», Լ. Խաչատրյանը հայտարարել է, որ դրա պատճառը կուսակցության ծրագիրն է, ժողովրդի իրական կենսապայմանների բարելավմանն ուղղվածությունը եւ միջին եւ փոքր բիզնեսի պայմանների ստեղծումը: «Բացի դրանից, դուք կարող էիք հետեւել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթներին եւ տեսնել, որ նա ասելիք ունի  իր ընտրողներին» – հայտարարել է Լ. Խաչատրյանը:

Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Իզաբելա Աբգարյանը նկատել է, որ  «Բարգավաճ Հայաստանն» իրականացնում է հենց նույն քաղաքականությունը, որը քննադատում է Լ. Խաչատրյանը: «Կոալիցիոն կառավարությունում կուսակցությունն ունի առողջապահական, սոցապահովման, քաղաքաշինության նախարարական պորտֆելներ: Այդ դեպքում ասեք, թե ինչպես է գործով արտահայտվում ձեր կուսակցության քաղաքականությունը, որի մասին այն  հայտարարում է ամբիոններից»,  – հայտարարել է նա:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանը» Հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության հետ կազմում է Հայաստանի իշխող  կոալիցիան: