Բարեհաջող կերպով Լիբիա հասցված «բեռը»` Տրիպոլիի ռազմական խորհրդի ղեկավար Աբդել Հաքիմ  Բելհաջը,եւս մեկ հայց է ներկայացրել բրիտանացիների դեմ, որոնց մեղադրում է Քադաֆիի վարչակարգի հետ համագործակցելու մեջ:

Լոնդոնում նրա փաստաբաններն անձամբ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջեք Սթրոյին են փոխանցել քաղաքացիական հայցի իրազեկումը:

Բրիտանական օրենքներով, նման իրազեկումը կարելի է հանձնել պատասխանողին` հայցի դիտարկումն արագացնելու համար, հաղորդում է «Արգումենտի նեդելին»:

Աբդել Հաքիմ  Բելհաջը բրիտանական կառավարությանը եւ անձամբ Ջեք Սթրոյին մեղադրում է նրանում, որ Բրիտանիան 2004թ. իրեն հանձնել է լիբիական իշխանություններին եւ լիբիական բանտում խոշտանգումների ենթարկվելու համար:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, մամուլում հրապարակվել էր Մուսա Քուսայի` Լիբիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարի անունով ուղարկված նամակից հատվածներ, որտեղ ՄԻ-6-ի ներկայացուցիչը նրան շնորհավորում էր «բեռան» բարեհաջող ստացման կապակցությամբ:

«Բեռը» եղել է Աբդել Հաքիմ Բելհաջը, որը ձերբակալվել էր Բանգկոկում  ՄԻ-6-ի եւ ԿՀՎ-ի համատեղ գործողության ընթացքում:  Այն ժամանակ նա եղել է հակակառավարական Լիբիական գրոհային իսլամական խմբի (ԼԳԻԽ) ղեկավարներից մեկը, որին ՄԱԿ-ն ընդգրկել է  ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, իսկ քաղաքացիական պատերազմի ժամանակ երկրում հանդես է եկել Անցումային ազգային խորհրդի կողմից եւ եղել է Տրիպոլիի ապստամբների հրամանատարը:

Փաստաթղթերի արխիվը, որը վկայում է, որ ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայություններն ակտիվ համագործակցել են լիբիական հետախուզական գերատեսչության հետ, հայտնաբերվել էր Լիբիայում  Քուսիի լքված առանձնատանը` նախորդ տարվա սեպտեմբերին:

Հունվարին Բելհաջը դատի էր տվել ՄԻ-6-ի հակաահաբեկչական վարչության նախկին ղեկավար Մարկ Ալենին: