Օսլոյում շարունակվում է նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի դատավարությունը: Նա հրաժարվում է պատասխանել դատախազի շատ հարցերին, մասնավորապես, ծայրահեղական կազմակերպությունների հետ կապերին վերաբերող:

Ապրիլի 18-ին դատախազ Ինգա Բայեր Էնգը հարցաքննության մեծ մասը նվիրել է ծայրահեղական կազմակերպությունների հետ Բրեյվիկի կապերը բացահայտելուն, ինչպես նաեւ «Տամպլիերների ուխտին», որին պատկանելու մասին Բրեյվիկը բազմիցս հայտարարել է:

Սակայն մեղադրյալը  հակաճառում է դատախազին եւ հարցերին պատասխանելու փոխարեն փորձում տարածել իր գաղափարները:

Նրան նաեւ թվում է, թե դատավորն իրեն ծաղրում է: «Հուսով եմ, որ դուք ավելի քիչ ժամանակ կհատկացնեք ծաղրուծանակին, կխոսեք գործից եւ ոչ թե անձանցից», - ասել է Բրեյվիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատասխանելով ծայրահեղականների հետ կապերի մասին հարցին` Բրեյվիկը հստակեցրել է, որ այդ կազմակերպություններին պատահաբար է գտել, համացանցի միջոցով:

«Ես սկսեցի շփվել մի մարդու հետ եւ այդ կերպ ուրիշների հետ եմ ծանոթացել: Այդ կապերի շնորհիվ  ես պետքական մարդիկ գտա Լիբերիայում, այնուհետեւ Լոնդոնում», - հստակեցրել է Բրեյվիկը` հրաժարվելով նշել այդ մարդկանց անունները: