Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն, այսօր` ապրիլի 18-ին, ընդունել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանի եւ ԱԷՄԳ միջեւ համագործակցության հարցերը, մասնավորապես՝
• քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի 2 էներգաբլոկի անվտանգության բարձրացման աշխատանքների համակարգման շարունակականության, անվտանգության մակարդակի բարձրացման եւ ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված հարցերը, ինչպես նաեւ հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքներին տեխնիկական աջակցության տրամադրման խնդիրները:
• ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տարբեր փուլերում աշխատանքների իրականացման, այդ թվում` համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, լիցենզավորման համար պատրաստված փաստաթղթերի գրախոսման, կադրերի վերապատրաստման հարցերը:
• ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կարողությունների ուժեղացման, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տարբեր փուլերի լիցենզավորման աշխատանքներին տեխնիկական աջակցման հարցերը:
• Քննարկվել են նաեւ ՀՀ-ում ճառագայթային թերապիայի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերը:
ԱԷՄԳ պատվիրակությունն այցելել է նաեւ Հայկական ատոմային էլեկտրակայան եւ շրջայց կատարել ԱԷԿ-ի գործող էներգաբլոկում: ԱԷՄԳ պատվիրակությանը ներկայացվել են հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրով ներդրված միջոցառումները եւ կատարվելիք աշխատանքները:
Հայաստանը 1993 թվականին դարձել է ԱԷՄԳ-ի լիիրավ անդամ եւ մինչ օրս ԱԷՄԳ - ի հետ համագործակցում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման տարբեր բնագավառներում եւ ամբողջությամբ կատարում է միջազգային կոնվենցիաներով իր ստանձնած պարտավորությունները:



























