ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) 28-րդ տարածաշրջանային խորհրդաժողովը մեկնարկել է ապրիլի 17-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը` ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը բարեհաջող ժամանել է Բաքու եւ ադրբեջանցիների կողմից լարվածություն չկա:
Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Իլհամ Գուլիեւը հայտարարել է, որ իրենց երկրի համապատասխան կառույցները կապահովեն հայկական պատվիրակության անվտանգությունը:
Խորհրդաժողովը կտեւի մինչեւ ապրիլի 20-ը:
Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպությունը ստեղծվել է 1945թ-ին, իսկ Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է 1993թ-ին:
Կազմակերպության նպատակն է կենսամակարդակի եւ սննդի որակի բարձրացումը, գյուղատնտեսական ապրանքների արտադրության եւ արդյունավետ բաշխման խթանումը, գյուղական շրջանների բնակչության կենսապայմանների բարելավումն ու սովի նվազեցումը: Ներկայում ՊԳԿ-ն ՄԱԿ-ի համակարգում գործող ամենամեծ մասնագիտացված կառույցն է, որն ունի 183 անդամ երկրներ եւ մեկ անդամ կազմակերպություն` Եվրամիությունը:




























