Թուրքիայում սատկել է կլոնավորված առաջին ոչխար Օյալըն: Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Սեմա Բիլքերը, որը 5 տարի առաջ կլոնավորել էր Օյալըին, հայտարարել է, որ ոչխարի մահը կլոնավորված լինելով չէր պայմանավորված, գրում է Today`s Zaman-ը:
Ոչխարներին կլոնավորելու փորձը Թուրքիայում սկսվել է 2005թ.: Օյալըն ծնվել է 2007թ., այն բանից հետո, երբ կլոնի 69 էմբրիոններ կրելու համար տեղադրվել են 8 ոչխարների օրգանիզմում, որոնցից երկուսը արդյունքում հղիացել են:
Աշխարհում առաջին կլոնավորված ոչխարը` Դոլլին, լույս աշխարհ էր եկել 1996թ. եւ սատկել 6,5 տարեկանում` թոքային անբավարարությունից: Գիտնականները մտահոգություն էին հայտնում, որ Դոլլիի մոտ բջիջների վաղաժամ ծերացում է սկսվել:
Սովորաբար ոչխարներն ապրում են 11-12 տարի:




























