Մեր օրերում հարկավոր է շատ զգույշ լինել, այլապես մեկ էլ տեսար կարող են գրպանդ թմրանյութ գցել: Այդ մասին հայտարարել է մինչեւ երեկ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Զոլյանն, այսօր` ապրիլի 18-ին, մամուլի ասուլիսում` մեկնաբանելով իր նկատմամբ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կիրառած խիստ նկատողությունները:
Զոլյանը, պատմությունը մեկնաբանելով ամենասկզբից, նշել է, որ նախնական պատճառ է դարձրել երկրից իր բացակայությունը` Տարածաշրջանային լեզուների եվրոպական կանոնադրության փորձագետների հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Իր մեկնումի մասին Զոլյանը որոշել է իրազեկել Աշոտյանին, ով պատասխանել է, որ նպատակահարմար չի գտնում նրա մասնակցությունը այդ միջոցառմանը: Միաժամանակ Զոլյանը նշել է, որ Աշոտյանը խախտել է միջազգային պայմանավորվածությունն այն մասին, որ կառավարությունը իրավասու չէ միջամտել փորձագետների աշխատանքին:
«Ես չէի ցանկանա, որպեսզի Հայաստանը վարկաբեկվեր Եվրոպայի աչքում: Սակայն լրատվամիջոցների շնորհիվ այնտեղ արդեն տեղյակ են տեղի ունեցածի մասին, եւ եվրոպական կողմն իր կարծիքը կկազմի այն պետության մասին, որի նախարարը խախտում է միջազգային պայմանավորվածությունը: Զոլյանը նշել է, որ իր այցը Եվրոպա ֆինանսավորել է եվրոպական կողմը, այլ ոչ թե Հայաստանի պետբյուջեն: Նա նաեւ նշել է, որ պարտավոր չի եղել գնալիս թույլտվություն վերցնել, այլ դա արել է զուտ էթիկական նկատառումներով: Զոլյանի խոսքով` ինքը մտադիր է տեղի դատական ատյաններից բացի դիմել նաեւ եվրոպականներին: Ըստ Զոլյանի` Եվրոպայի համար դա պատվի հարց կդառնա:
Զոլյանի խոսքով` ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ ասվում է, որ կարելի է արհամարհել բարձրաստիճան ատյանների կամ անձանց կարգադրություններն ու հրամանները, եթե դրանք հակասում են օրենսդրությանը: «Այս պարագայում նախարարն իրավունք չուներ ինձ հեռացնելու զբաղեցրած պաշտոնից, քանի որ ես ընտրվել եմ նախագահական խորհրդի կողմից, որը հաստատել է Հայաստանի կառավարությունը, ինչից հետո միայն վարչապետի կարգադրությաբ կրթության նախարարը ինձ հետ պայմանագիր է ստորագրել: Հետեւաբար, նախարարն իրավունք չուներ ինձ պաշտոնից ազատելու», - հիշեցրել է Զոլյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք կկարողանա՞ ապացուցել իր իրավացիությունը, Զոլյանը նշել է. «Մեր օրերում հարկավոր է շատ զգույշ լինել, այլապես մեկ էլ տեսար կարող են գրպանդ թմրանյութ գցել», եւ հավելել. «Մենք բոլորս տեսնում ենք, թե Հայաստանում օրենքի պահանջներն ինչպես են կատարվում»:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, նախօրեին Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, երկու նկատողություններից հետո, պաշտոնից ազատել էր ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանին:




























