Ավարտվել է «Հյուսիսային հոսք» գազատարի երկրորդ գծի կառուցումը: Այդ մասին հայտարարել է նախագծի իրականացնող Nord Stream AG ընկերությունը:
Երկրորդ գիծը պատրաստ կլինի 2012 թ. վերջին, վերանորոգման աշխատանքներից հետո:
«Հյուսիսային հոսքը» այլընտրանք կդառնա Ուկրաինայի եւ Բելառուսի տարածքով անցնող մայրուղային գազատարներին, որոնք ժամանակին սուր վեճերի պատճառ էին դարձել: 2009 հունվարին «Գազպրոմը» 20 օրով կասեցրել էր գազամատակարարումը Ուկրաինայի տարածքով` մեղադրելով «Ուկրտրանսգազին» գազի ապօրինի յուրացման մեջ: Փակելով «գազային ծորակը», Ռուսաստանը գազից զրկեց նաեւ իր եվրոպական սպառողներին: 2010 թ. հունիսին կրճատվեց գազամատակարարումը նաեւ դեպի Բելառուս, որից հետո Մինսկը Ադրբեջանից 187 մլն դոլար վարկ էր վերցրել` Ռուսաստանի պարտքը մարելու համար:
Փորձարկումից հետո գազատարի հատվածները կմիացվեն Շվեդիայի եւ Ֆինլանդիայի տարածքային ջրերում: Նախագծային հզորությամբ աշխատելիս` երկգծանի համակարգը կկարողանա տեղափոխել տարեկան 55 մլրդ խմ գազ, հաղորդում է РБК-ն:
«Հյուսիսային հոսքն» աշխարհում ամենաերկար ստորջրյա գազատարն է (1,2 հազ կմ): Լենինգրադի մարզի Պորտովայա նավահանգստից այն հասնում է Գերմանիա` Գրայֆսվալդ: Նախագծի բաժնետերերն են ռուսական «Գազպրոմը» (51%), գերմանական E.On Ruhrgas (15,5%) եւ Wintershall AG (15,5%) ընկերությունները, նիդերլանդական N.V. Nederlandse Gasunie (9%) ֆրանսիական GDF Suez-ը (9%): Առաջին գիծը շահագործման էր հանձնվել 2011 թ. նոյեմբերին:



























