Տրամաբանական կլիներ ասել, որ կրթության նախարարի դեմ պայքարում ինձ աջակցում է Օբաման, քան Վիկտոր Սողոմոնյանը: Այդ մասին, այսօր` ապրիլի 18-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Բրլոսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ Սողոմոնյանն անձամբ է իրեն մղել նախարարի դեմ պայքարի:

Ըստ Զոլյանի, Սողոմոնյանը եղել է ԵՊՀ-ում իր լավագույն ուսանողներից մեկը:

«Հայտարարությունները, թե իմ թիկունքում Վիկտոր Սողոմոնյանն է, պարզապես ծիծաղելի են: Եթե ասեիք, որ Օբաման է, ավելի հասկանալի կլիներ»,- կատակել է Զոլյանը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Արմեն Աշոտյանի հետ բախումը իրականացվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի միջամտությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  ապրիլի 10-ի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ երկրորդ անգամ կիրառվել էր կարգապահական տույժ՝  հայտարարվել է խիստ նկատողություն:

Նախարար Արմեն Աշոտյանն ավելի ուշ հրաման էր ստորագրել` «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին»։

Աշոտյանի ապրիլի 18-ի հրամանով պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչեւ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: